Afleveringen
-
Նոթինգ Հիլը ռոմանտիկ կատակերգություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ սերը հայտնվում է հենց այն պահին, երբ նրան ամենաքիչն ենք սպասում։ Պատմությունը պտտվում է գրախանութի սեփականատեր Ուիլյամ Թաքերի և հայտնի դերասանուհի Աննա Սքոթի սիրո շուրջ:
Պատահական հանդիպումից հետո նրանց միջև ծագում է յուրահատուկ կապ, որը փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը ցույց է տալիս հասարակ ու հայտնի մարդկանց հարաբերությունների դժվարությունները և ներկայացնում սիրո ու մարդկային կապի գեղեցկությունը:
-
Այս էպիզոդում քննարկել ենք օսկարակիր «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» ֆիլմը՝ անդրադառնալով նրա ֆանտաստիկայից մինչև ընտանեկան դրամա ձգվող էմոցիոնալ ու խոր շերտերին:
Վերլուծել ենք, թե ինչպես է ֆիլմը տարբեր իրականություններում կերտում կյանքի ու ինքնության մասին զարմանահրաշ պատկերներ: Ֆիլմը տանում է մեզ զուգահեռ աշխարհներ, որտեղ ամեն մի ընտրություն նոր իրականություն է ձևավորում՝ փոխելով կյանքի ողջ ընթացքը։
-
Zijn er afleveringen die ontbreken?
-
Թրումանի շոուն յուրահատուկ կինոնկար է, որը մեզ ստիպում է մտածել մեր իրականության սահմանների մասին: Ինչպե՞ս ենք մենք գիտակցում, որ մեր կյանքը վերահսկվում է, և ի՞նչ է տեղի ունենում, երբ ճշմարտությունը բացահայտվում է:
Այս էպիզոդում կքննարկենք, թե ինչպես է ֆիլմը շոշափում մարդկային ինքնության, վերահսկման և իրականության խեղաթյուրման հարցերը
-
Աիրելի կինոմաններ, վերցրեք ձեր պոպքորն ու հարմար տեղավորվեք. միասին գնում ենք երկրորդ եթերաշրջան, որտեղ ձեզ սպասվում են հետաքրքիր էպիզոդներ ու թեժ քննարկումներ։
Առաջին էպիզոդում քննարկել ենք «Այն ավարտվում է մեզանով» | «It Ends with Us» ֆիլմը, որը սիրո, ցավի և ինքնաճանաչման մասին է։
Ֆիլմը վերլուծում է ընտանեկան բռնության ազդեցությունը և բռնության միջավայրից դուրս գալու ուժ գտնելու կարևորությունը։ Այս հուզիչ պատմությունը խորապես դիպչում է յուրաքանչյուրին, ով երբևէ պայքարել է իր կյանքի խաղաղության համար։
-
Մարտական ակումբ ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որտեղ գլխավոր հերոսը՝ հասարակության ճնշումների մեջ ապրող անհատը, փորձում է գտնել ազատություն և իմաստ կյանքում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա հանդիպում է Թայլեր Դուրդենին՝ անհնազանդ և խիզախ մի մարդու, որը հիմնում է գաղտնի մարտական ակումբ։
Այդ ակումբում տղամարդիկ դուրս են գալիս իրենց առօրյայի ճնշումներից՝ բռնցքամարտի միջոցով։ Սակայն ակումբի տարածվելուց հետո իրադարձություններն անկառավարելի են դառնում՝ վերածվելով քաոսի։ Ֆիլմը խորապես անդրադառնում է ինքնության, վերահսկման և ժամանակակից հասարակության արժեքների հարցերին։
-
«13 պատճառ` ինչու» (13 Reasons Why) սերիալը ներկայացնում է դպրոցական աղջկա՝ Հաննա Բեյքերի պատմությանը, որը իր մահվանից առաջ թողնում է 13 ձայներիզ՝ բացահայտելով իր ծանր որոշման պատճառները։
Յուրաքանչյուր ձայներիզ բացահայտում է նոր մանրամասներ և բարձրացնում հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդների կյանքի խնդիրներին։
Սերիալը թողարկվել է 2017 թվականին և արագորեն դարձել քննարկման առարկա՝ ստիպելով երիտասարդներին ու մեծահասակներին ավելի բաց խոսել բուլլինգի, հոգեկան առողջության և ավելի պատասխանատու լինելու մասին։
-
«Էմմա» ֆիլմը Ջեյն Օսթինի հայտնի վեպի ժամանակակից վերածնունդն է: Ֆիլմը մեզ տեղափոխում է անգլիական բարձր հասարակության աշխարհ, որտեղ երիտասարդ և հարուստ Էմման փորձում է միջամտել իր ընկերների սիրային կյանքին՝ հաճախ անսպասելի հետևանքներով: Գունեղ դեկորացիաները, հումորն ու նրբագեղ կերպարները ստեղծում են վառ և հաճելի մթնոլորտ: Ֆիլմը հմայում է իր վիզուալ դիզայնով և ժամանակակից մոտեցմամբ՝ նոր շունչ հաղորդելով դասական սիրո պատմությանը։
-
«Մի անհանգստացիր, սիրելիս» (Don't Worry Darling) ֆիլմը լարված և հուզիչ թրիլեր է, որը պատմում է իդեալական, բայց տարօրինակ կյանքի մասին։ Ալիսը հանկարծ սկսում է կասկածել իր քաղաքի կատարյալ իրականությանը, և շուտով պարզվում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է։ Ինչպիսի՞ գաղտնիքներ են թաքնված հերոսների կյանքերի հետևում։
Դե եկեք գնանք կինո ու միասին բացահայտենք բոլոր գաղտնիքները։
-
«Ամռան 500 օրը» (500 Days of Summer) անսովոր սիրային պատմություն է, որտեղ սերը ավելի շատ փորձություն է, քան երջանկություն: Թոմը, ով հավատում է ճակատագրին և մեծ սիրուն, հանդիպում է Սամմերին, ով սիրո հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունի և չի հավատում հավերժական հարաբերություններին:
Ֆիլմը կոտրում է ռոմանտիկ կլիշեները՝ հարաբերությունները ներկայացնելով ոչ թե որպես դասական հեքիաթ, այլ իրական կյանքի պատմություն: Թոմի համար այս 500 օրերը դառնում են ոչ միայն սիրո պատմություն, այլև ինքնաճանաչման ուղի:
Դե գնանք կինո ու միասին բացահայտենք Թոմի ու Սամմերի հարաբերություները։
-
«Past Lives» | «Անցյալ կյանքեր» ֆիլմը հուզիչ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են ճակատագիրը և ժամանակը բաժանել մարդկանց՝ միևնույն ժամանակ թույլ չտալով մոռանալ այն ամենը, ինչ կապում է իրենց:
Երբ մանկության երկու ընկերներ, տարիներ շարունակ հեռու մնալով միմյանցից, կրկին հանդիպում են Նյու Յորքում, հին զգացմունքներն ու չարտահայտված հույզերը վերակենդանանում են: Ֆիլմի սյուժեն պտտվում է սիրո, կորուստի և այն անավարտ պատմությունների շուրջ, որոնք հաճախ մեզ հետապնդում են ամբողջ կյանքում: «Անցյալ կյանքեր» ֆիլմը հուշում է՝ կա ընկերություն, որ վեր է ժամանակի և տարածության սահմաններից ու երբեք չի մարում:
-
Հիմա պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր մտքերի ու զգացմունքների ամենօրյա պայքարն իրականություն է ու դարձել է հեքիաթային, հետաքրքիր ու զվարճալի մուլտֆիլմ: Իհարկե, խոսքը Գլուխկոտրուկի մասին է։
«Գլխուխկոտրուկ» մուլտֆիլմի երկրորդ մասը կրկին անդրադառնում է Ռայլիի հուզական աշխարհին, բայց հիմա աղջիկը դեռահաս է և բախվում է նոր մարտահրավերների։ Նրա մեզ արդեն ծանոթ էմոցիաները՝ Ուրախությունը, Տխրությունը, Զայրույթը, Սարսափը և Զզվանքը, ծանոթանում են նոր էմոցիաների՝ Տագնապի, Նախանձի, Ամոթի և Ձանձրույթի հետ։
Հին և նոր զգացմունքների համատեղումը հանգեցնում է բարդ ու զվարճալի իրավիճակների, որոնք նոր փորձառություններ են ստեղծում Ռայլիի համար: Այս անգամ ճանապահարհվում ենք դեպի մուլտֆիլմերի աշխարհ և առաջարկում ենք՝ ձեզ հետ վերցնել փոփքորն ու լավ տրամադրություն։ Դե, գնա ՞նք կինո․․․
-
Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» ֆիլմը դրամատիկ կատակերգությունն է, որը պատմում է երիտասարդ աղջկա՝ Քրիստին ՄակՖերսոնի կյանքի մասին: Գլխավոր հերոսուհին, ով ինքն իրեն կոչում է Լեյդի Բըրդ, երիտասարդության որոնումների և ինքնաճանաչման ճանապարհին պայքարում է աշխարհում իր տեղը գտնելու համար:
Գերվիգի սցենարը և դերասանական կազմի հրաշալի խաղը բերել են «Լեդի Բըրդին» բազմաթիվ մրցանակներ և հանդիսատեսի սերը՝ դարձնելով այն ժամանակակից երիտասարդության ամենասիրելի ֆիլմերից մեկը։ Եթե փնտրում եք ֆիլմ, որը կհուզի և կգոհացնի, ապա «Լեյդի Բըրդը» հենց այն է, ինչ պետք է դիտել։
-
«Լա-Լա Լենդը» մյուզիքլի ու մելոդրամայի հիանալի համադրություն է, որը պատմում է երիտասարդ ջազ երաժիշտ Սեբաստիանի և դերասանուհի Միայի կյանքի պատմությունները։ Նրանց ուղիները խաչվում են Լոս Անջելեսում, որտեղ անվախ երազողները ձգտում են իրենց երազանքներին։
Հանճարեղ սցենար, կախարդական երաժշտություն և անմոռանալի պարային համարներ․ այս ֆիլմը կստիպի ձեզ կրկին սիրահարվել կինոյին։ Եթե համաձայն եք, գնա՞նք կինո։
-
Սիրելի կինոմաններ, հրավիրում ենք լսելու մեր նոր կինոքննարկումը Գրետա Գերվիգի հայտնի ֆիլմերից մեկի՝ «Փոքրիկ կանայք» մելոդրամայի մասին:
Այս կախարդական ֆիլմը ձեզ կտեղափոխի Մարչ քույրերի աշխարհ՝ ծանոթանալու Ջոյի, Մեգի, Բեթի և Էմիի հետ։ Դուք կդառնաք նրանց ընտանիքի մի մասը և կթվա, թե միասին անցնում եք կյանքի դժվարություններով ու փորձություններով: Քննարկումն ավելի հետաքրքիր դարձնելու համար խնդրել ենք մեզ միանալ այս ֆիլմի մեծ սիրահար, երաժիշտ և բլոգեր Էթերի Հովհաննիսյանին: Պատրաստեք անձեռոցիկները ու գնանք կինո․․․
-
Սիրելի կինոմաններ պատրաստվեք․ ռեժիսոր Գայ Ռիչիի շնորհիվ ուղևորվում ենք բրիտանական գանգստերական կինոյի աշխարհ:
Սյուժեն պտտվում է ամերիկացի գործարար Միկի Փիրսոնի շուրջ, ով Լոնդոնում թմրանյութերի վաճառքի հաջող բիզնես է կառուցել։ Եվ երբ նա որոշում է դուրս գալ խաղից, սկսվում է իսկական քաոս։ Ֆիլմը լի է սրամիտ երկխոսություններով, խարիզմատիկ կերպարներով և սյուժեի անսպասելի շրջադարձերով: Բաց մի թողեք մեր նոր կինոքննարկումը։
-
Ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Չելենջերներ» ֆիլմը սուզվում է պրոֆեսիոնալ թենիսի աշխարհ՝ ներկայացնելով սպորտային դրաման, ինչպես նաև բարդ սիրային եռանկյունին:
Ֆիլմը պատմում է տաղանդավոր և հավակնոտ թենիսիստուհի Տաշի Դոնալդսոնի մասին, ով հաղթում է իր մրցակիցներին ոչ միայն թենիսում, այլև կյանքում: Տաշին հմուտ է, հնարամիտ և մշտապես մարտահրավեր է նետում իր շրջապատի մարդկանց: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Տաշին հանդիպում է երկու մոտ ընկերների՝ Արտին և Պատրիկին։
Տաշիի համառությունն ու վճռականությունը կտպավորեն ձեզ, իսկ սիրային և մարզական երկընտրանքները կստիպեն նրան ընտրություն կատարել՝ հետևե՞լ սրտին, թե՞ հավատարիմ մնալ մարզական երազանքներին: Բայց ի՞նչ կլինի, եթե Տաշին պարտվի, ու պլանները խախտվեն։ Մեր նոր էպիզոդը արդեն սպասում է ձեզ, որ միասին գնանք կինո։
-
Պատրաստվեք տարվա ամենաէպիկ տիեզերական կինոքննարկմանը: Մեթյու Մակքոնահիի, էն Հեթուեյի և Ջեսիկա Չեսթեյնի գլխավոր դերակատարմամբ «Ինտերստելլեր» ֆիլմը կստիպի ձեզ ամբողջ ընթացքում լարված դիտել ու սպասել այքոնիկ ավարտի: Վիզուալ էֆեկտները, հետաքրքիր սցենարն ու տպավորիչ դերասանական խաղը չեն թողնի հեռանալ էկրաններից: Բաց մի թողեք այս տիեզերական գրավչությունը և մեր նոր կինոքննարկումը:
Անպայման դիտեք կինեմատոգրաֆիական այս գլուխգործոցը, որը կստիպի կասկածի տակ դնել տարածության և ժամանակի մասին ձեր բոլոր համոզմունքները:
Դե, եթե համաձայն եք, գնա՞նք կինո:
-
Սիրելի կինոմաններ, պատրաստվեք, միասին գնում ենք 1800ականների Անգլիա ու քննարկելու ենք Նեթֆլիքսի ամենահայտնի սերիալներից մեկը՝ Բրիդջերթոնը։ Զարմանալի չէ, որ ցնցող զգեստները, սրամիտ երկխոսությունները և գլխապտույտ առաջացնող սիրավեպերը Բրիդջերթոնը դարձրել են միլիոնավոր հեռուստադիտողների ամենասիրելի ֆիլմաշարը։
Միացեք մեզ, որ միասին քննարկենք վերջին եթերաշրջանի գլխավոր հերոսների սիրավեպը, ամենագեղեցիկ դրվագները, դերասանների փայլուն խաղն ու օրիորդ Ուիսլդաունի ճակատագիրը։ Դե հարմար տեղավորվեք ու միասին գնանք կինոյի աշխարհ։
-
Անապատային Արակիս մոլորակի վրա, որտեղ բնակվում են ֆրեմենական ցեղերը, մարդկության ճակատագիրը կախված է թելից. հզոր դինաստիաները ու անողոք առաջնորդները պայքարում են գերիշխանության համար: Գլխավոր հերոսը՝ Պոլ Ատրեյդեսը, երիտասարդ և մարգարեական առաջնորդ է, որը հայտնվում է այս հորձանուտի կենտրոնում՝ օգտագործելով իր յուրահատուկ ունակություններն ու գիտելիքները պատմության ընթացքը որոշելու համար:
Դյունան ճանապարհորդություն է՝ դժվար աշխարհաշինությամբ, բարդ կերպարներով և փիլիսոփայական թեմաներով, որը ստիպում է ձեզ մտածել տիեզերքում մարդկության դերի մասին: Միացեք մեզ,որ միասին գնանք հեռավոր ապագա ու խոսենք տարվա ամենաքննարկված ֆիլմերից մեկի մասին։
-
Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» դասական վեպի մոտիվներով 2005 թվականին թողարկվեց ֆիլմի ևս մի տարբերակ,որը ներկայացնում է Էլիզաբեթ Բենեթի և Միստր Դարսիի սիրո պատմությունը։ Ռեժիսոր Ջո Ռայթի շնորհիվ դիտողները տեղափոխվում են 19-րդ դարի Անգլիա, որտեղ սոցիալական հիերարխիան և դասակարգային տարբերությունները ամենակարևոր խնդիրներն էին:
Բայց նույնիսկ այդ դժվարին ժամանակներում Դարսին ու Էլիզաբեթը կարողանում են գտնել միմյանց ու պայքարել իրենց սիրո համար։
Կիրա Նայթլիի և Մեթյու Մաքֆեյդենի փոխադարձ համակրանքն անհերքելի է, ինչը նրանց սիրավեպն էլ ավելի իրական և տպավորիչ է դարձնում: Կինոնկարը հավատարիմ է մնացել Օսթինի բնօրինակ վեպին, բայց միևնույն ժամանակ առաջարկում է նոր տեսանկյունից նայել ձեզ ծանոթ հերոսներին և նրանց հարաբերություններին: Դե գնանք կինո ու միասին քննարկենք բոլոր ժամանակների ամենատպավորիչ սիրո պատմությունը։
- Laat meer zien